Ուսումնասիրելով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ից երեխա որդեգրելու ընթացակարգը՝ հարց առաջացավ, թե ինչու է երեխաների վաճառքի վերաբերյալ 2019-ին հարուցված քրեական գործով անցնում ընդամենը 11 մեղադրյալ և ինչո՞ւ մեղադրյալ չեն ՀՀ գործադիր, դատական, իրավապահ համակարգում երբևէ պաշտոն զբաղեցրած մարդիկ՝ ներառյալ ՀՀ բոլոր վարչապետերը՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանը:
Հիմա կներկայացնեմ, թե ինչպես է լինում օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ից երեխա որդեգրելու ընթացակարգը, որից հետո կհասկանաք, թե ինչու է ինձ մոտ այդ հարցն առաջանում:
Այսպես՝ ՀՀ-ից երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները նախ դիմում են Արդարադատության նախարարություն՝ դրական եզրակացություն ստանալու համար: Եզրակացությունը տալիս է հանձնաժողովը,որը կազմված է Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Ներքին գործերի, Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ:
Դրական եզրակացություն ստանալու դեպքում Արդարադատության նախարարությունը հաշվառում է օտարերկրյա ընտանիքին՝ որպես որդեգրել ցանկացող ընտանիք: Այնուհետև, Արդարադատության նախարարությունը համադրում է երեխային որդեգրել ցանկացող ընտանիքի հետ (մեկ այլ հոդվածով մանրամասն կանդրադառնամ, թե ինչպես է կատարվում համադրումը):
Նշեմ, որ օտարերկրյա ընտանիքները երեխաներին կարող են որդեգրել կամ որդեգրմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կամ իրենց երկրում որդեգրությամբ զբաղվող համապատասխան մարմնի՝ կենտրոնական մարմին, միջոցով: Համադրումից հետո ԱՆ-ն տվյալները փոխանցում է որդեգրել ցանկացող երկրի կենտրոնական մարմնին կամ միջազգային կազմակերպությանը:
Ընտանիքի կողմից երեխային ընդունելու դեպքում տեղի է ունենում ընտանիքի առաջին ճամփորդությունը դեպի Հայաստան, որտեղ էլ Արդարադատության նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից թույլտվություն վերցնելուց հետո կազմակերպում է որդեգրող ընտանիքի այցը մանկատուն:
Այցից հետո ընտանիքին տրվում է մեկ շաբաթ ժամանակ, որ որոշեն որդեգրում են երեխային, թե՝ ոչ:
Երեխային որդեգրելու որոշում կայացնելուց հետո ընտանիքը դիմում է գրում Արդարադատության նախարարություն՝ որդեգրմանն ընթացք տալու մասին: ԱՆ-ն էլ իր հերթին մանկատնից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փաստաթղթերը հավաքում է և ուղարկում Ներքին գործերի նախարարություն (նախկինում ոստիկանություն) ստուգման, որն էլ իր հերթին ստուգում է՝ երեխային խլե՞լ են ծնողից, երեխայից ծնողն իր կամքո՞վ է հրաժարվել, փաստաթղթերն իրակա՞ն են, օրինակա՞ն են և այլն: ՆԳՆ-ն պետք է տա դրական եզրակացություն, որպեսզի որդեգրմանն ընթացք տրվի, եթե ՆԳՆ-ն հայտնաբերում է որևէ խոչընդոտ, ապա որդեգրման գործընթացն անմիջապես ընդհատվում է, ինչի մասին էլ տեղյակ է պահվում որդեգրող երկիրը:
Դրական եզրակացություն ստանալու դեպքում ԱՆ-ն փաստաթղթերի փաթեթն ուղարկում է ՀՀ կառավարություն, որտեղ էլ նախ կայանում է Կոմիտեի նիստ, նախանիստ և նիստ: Կառավարության հերթական նիստի ժամանակ՝փակ քննարկվող հարցերի ժամանակ, կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշում է կայացնում՝ արդյոք օտարերկրյա այդ ընտանիքն իրավունք ունի որդեգրել ՀՀ-ից տվյալ երեխային, թե՝ ոչ: Որոշումը ստորագրում է անձամբ վարչապետը՝ նշելով երեխայի և որդեգրող ծնողների անուն ազգանունները:
ԱՆ-ն այս ամբողջ փաթեթն ուղարկում է որդեգրող երկրի համապատասխան մարմին, որն էլ իր հերթին ստուգում է ՝ արդյոք փաստաթղթերն օրինական են, համապատասխանում են միջազգային պահանջներին, թե՝ ոչ, որից հետո ուղարկում է նախնական համաձայնություն, որ փաթեթը կարող է մուտք արվել ՀՀ դատարան:
Դատարանում անցկացվում է փակ նիստ՝ Արդարադատության նախարարության, որդեգրող ընտանիքի և թարգմանչի մասնակցությամբ, ովքեր ստորագրություն են տալիս, որ չեն բացահայտելու որդեգրման գաղտնիքը: Դատարանը հատ-հատ քննում է ներկայացված բոլոր փաստաթղթերը՝ թե որդեգրող, թե որդեգրման տվող երկրի կողմից ներկայացված, ապա տալիս է վճիռ, ըստ որի այդ ընտանիքը կարող է որդեգրել տվյալ երեխային կամ ոչ: Դրական վճիռը ստանալուց հետո որդեգրող ընտանիքը ներկայանում է ՀՀ ՔԿԱԳ, որտեղ էլ ստանում է երեխայի որդեգրման վկայական, ինչի հիման վրա էլ հանվում է նոր ծննդյան վկայական:
Վերոնշյալ բոլոր փաստաթղթերը հավաքվում են և ուղարկվում ԱՆ, որն էլ կազմում է միջպետական որդեգրման պայմանագիր՝ ըստ որի ՀՀ-ն, որը հանդիսանում է երեխայի խնամակալն իր բոլոր պարտականությունները երեխայի մասով փոխանցում է որդեգրող պետությանը: Այս ամբողջ փաթեթն ուղարկվում է որդեգրող երկրին, որտեղ էլ նորից ստուգվում են բոլոր փաստաթղթերը, այնուհետև, եթե տվյալ երկիրն ունի դեսպանատուն որդեգրման տվող երկրում՝ այս դեպքում ՀՀ-ում, ուղարկում է ընտանիքի վերամիավորման թույլտվություն:
Որդեգրող ընտանիքը ՝ երեխայի ծննդյան վկայականի, որդեգրության վկայականի, դրական եզրակացության, դատարանի վճռի, միջպետական որդեգրման պայմանագրի հիման վրա դիմում է ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որն էլ իր հերթին նորից ստուգում է ողջ փաթեթը և երեխային տալիս ՀՀ անձնագիր: Որդեգրող երկրի դեսպանատունն այս փաթեթը ստանալուց հետո հերթական անգամ ստուգում է փաստաթղթերը, թարգմանությունները, առանձին պահանջում է երեխայի ծննդյան վկայականը, կառավարության որոշումը, դատարանի վճիռը, հետո նոր միայն հաշվառում է երեխային որպես վերջնական որդեգրված և տալիս ընտանիքի վերամիավորման վիզա:
Որդեգրված երեխան որդեգրող երկիր հասնելուց հետո անմիջապես կանգնում է հաշվառման, որպեսզի ՀՀ-ից ստացած վճռի հիման վրա ստանա որդեգրման վերջնական վճիռը, ինչով էլ կորցնում է ՀՀ քաղաքացիությունը և ձեռք բերում որդեգրող երկրի քաղաքացիություն:
Հիմա, եկեք հասկանանք, եթե օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու գործընթացում ներգրավված է ՀՀ պետական կառավարման ողջ համակարգը՝ սկսած վարչապետից վերջացրած Ոստիկանությամբ և դատարաններով, ապա ինչպե՞ս կարող էր լինել երեխաների վաճառք՝ այն էլ, ըստ քննչական մարմինների կողմից տարածած հայտարարության, հարյուրների հասնող և մեղադրյալ լիներ 11 հոգի:
Ստացվում է, որ մեղադրանք պետք է առաջադրվեր Հայաստանի Հանրապետությանը՝ որպես երեխաների վաճառք իրականացնող և որդեգրող պետությանը՝ որպես երեխաների գնորդ:
Շուտով մանրամասն կներկայացնեմ նաև, թե որ մարմինը կոնկրետ ինչ գործառույթներ է իրականացնում, որպեսզի հասկանանք՝ կարո՞ղ էր արդյոք այս ամբողջ գործընթացի ինչ-որ կետում լինել ապօրինի միջամտություն առանձին մարդկանց կողմից:
Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ